ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Քարոզարշավ. օր ութերորդ. կոռուպցիայի թեման ամենասիրվածն է ընդդիմության համար

Քարոզարշավ. օր ութերորդ. կոռուպցիայի թեման ամենասիրվածն է ընդդիմության համար
29.04.2017 | 14:56

Երեկ, գործող քաղապետ Տարոն Մարգարյանի քարոզչական թայմաուտի ֆոնին, ակտիվ են եղել նրա մրցակիցները: Ի դեպ, նկատելի է, որ բանավեճի ու կոռուպցիայի թեմաներն առանցքային են դարձել «Ելք» դաշինքի ու «Երկիր ծիրանի» կուսակցության համար, ու նրանք մրցում են, թե ով այս խնդիրներում կարող է ավելի արմատական դիրքերից հանդես գալ և «նեղը գցել» գործող քաղաքապետին:

Զարուհի Փոստանջյանի թիմը երեկ քարոզարշավ է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում, որը հարազատ է «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդի համար. նա այստեղ է ծնվել, մեծացել, այստեղ էլ` հարս է գնացել: Փոստանջյանը, թիմակիցների ուղեկցությամբ, շրջել է Կոմիտասի շուկայում, զրուցել է առևտրականների հետ, ասել է, թե տեղյակ է այն պրոբլեմներին, որոնց բախվում են փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Զարուհի Փոստանջյանը զրուցել է նաև լրագրողների հետ` արծարծելով կոռուպցիայի թեման: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն պնդել է, թե Տարոն Մարգարյանը պետք է գա դեմառդեմ բանավեճի ու պատասխան տա՝ որտեղի՞ց է կուտակել միլիոնավոր դոլարները, եթե ողջ կյանքում միայն պետական պաշտոններ է զբաղեցրել:


«Ժողովրդական իշխանության» թեման դարձել է բրենդային Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի համար: Մայիսի 14-ին ընտրատեղամասեր գնալով՝ երևանցին հնարավորություն ունի մայրաքաղաքի կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ՝ Դավթաշեն վարչական շրջանում երեկ կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասել է «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածուն։


Երեկ «խաղն» ընթացել է մեկ դարպասի ուղղությամբ, սակայն դժվար է գնահատել, թե հասարակությունն ինչպես կարձագանքի ընդդիմության խոստումներին ու քննադատությանը: Ընդհանուր տպավորությունն այն է, որ ժողովուրդն անտարբեր է այս ընտրությունների հանդեպ: Մի իրավիճակ, որն առավելապես ձեռնտու է իշխանություններին:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ